Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցիչ Նանա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և խոսել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև առկա երկար տարիների արդյունավետ համագործակցությունից:
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, ՊՀԾ հայաստանյան ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է իրականացրած ծրագրերից, առկա խնդիրներից և նշել, որ Հայաստանում գործունեությունը շարունակելու պարագայում առկա է հնարավորություն համագործակցել նաեւ այլ ծրագրերի շուրջ:
Վաչե Տերտերյանը խոսել է դպրոցաշինության հետ կապված ծրագրերից և կարևորել է «Դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականությունը և զարգացումը:
Նախարարի տեղակալը խոսել է նաև ջրամբարաշինությունից, ոռոգման համակարգից, համայնքային տարբեր հարցերից, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներից:
Նանա Սկաուն խոսելով բռնի տեղահանվածների մասին՝ նշել է, որ իրականացրել են սոցիալական ինտեգրման խոչընդոտների վերլուծություն և պարենի անվտանգության գնահատում: Ամփոփելով այդ վերլուծությունն ու գնահատումը հանգել են այն եզրակացության, որ կարգավիճակի հիման վրա տրվող աջակցությունից պետք է անցում կատարել խոցելիության հիման վրա տրվող աջակցության:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերին Ֆրանսիան հայտարարել էր, որ 1 մլն եվրո կուղարկի Պարենի համաշխարհային կազմակերպությանը ՝ Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար։
Նշենք, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը աշխարհի խոշորագույն մարդասիրական կազմակերպությունն է, որը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում եւ օգտագործում է պարենային օգնությունը ՝ հակամարտություններից, աղետներից եւ կլիմայի փոփոխության հետեւանքներից վերականգնվող մարդկանց համար խաղաղության, կայունության եւ բարգավաճման ճանապարհ հարթելու համար: