Արմինֆո. ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցություններն այսօր համատեղ նամակ են հղել Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության դեսպաններին, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ղեկավարին և Հայաստանում ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գրասենյակներին:
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունների քարտուղարներ Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ստորագրած համատեղ նամակում, մասնավորապես, ասվում է. «Մենք բարձր ենք գնահատում երկար տարիներ Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած ձեր օգնությունը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը, խթանելու մարդու իրավունքները և խոսքի ազատությունը, զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները և ժողովրդավարական մշակույթն ու ավանդույթները:
Մենք տեսնում ենք Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ազատությունների կտրուկ նահանջ և մեծապես անհանգստացած ենք, որ բազմակողմ և երկկողմ գործընկերների կողմից ներդրած ջանքերն արդյունք չեն տվել։
Իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների վերջին զեկույցները հստակ ընդգծում են ոստիկանական բռնությունների աճը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու փորձերը, դատական համակարգը վերահսկելը, կալանավորումների համատարած օգտագործումը: Հորինված մեղադրանքներով բազմաթիվ ակտիվիստներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ այժմ գտնվում են բանտերում:
Սակայն մեզ համար անհասկանալի է դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ։ Աննկատ է մնացել անգամ պատգամավորների իրավունքների ու երաշխիքների ոտնահարումը։
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ աշխատանքային ձևաչափով քննարկելու հայաստանյան տագնապալի զարգացումները»:
Նշենք, որ Տավուշում Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու ֆոնին երկրում բողոքի ցույցեր են սկսվել։ Նրանց ցրելու համար իշխանություններն օգտագործում են իրավապահ ուժերը, որոնք անհամաչափ ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ ։ Ավելին, վերջին շրջանում տասնյակ քաղաքացիներ, այդ թվում նաև լրագրողներ, մտացածին քրեական գործերով կալանավորվել են ։ Այն երկրները, որոնք, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից առաջ պաշտպանում էին մարդու իրավունքները և ամեն անգամ աննշան միջադեպի ժամանակ դատապարտող հայտարարություններ էին անում, այսօր խորը լռություն են պահպանում և ձևացնում, թե ոչինչ չի կատարվում: