Արմինֆո.Հայաստանում և նրա շուրջ իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը' մեկնաբանելով Հայաստանին ներկայացվող Ադրբեջանի նախագահի պահանջները:
Քաղաքագետի ասելով՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենաիրատեսական ելքն է՝ քաղաքակիրթ իշխանափոխության համար, հակառակ դեպքում, երկիրը կընկղմվի քաոսի մեջ: Սուրենյանցն ընդգծել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանրային դաշտ է նետում հարցեր, որոնք հնչեցնում է Ալիևը: Օրինակ, փետրվարին օրակարգի գլխավոր հարցը նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ վարչապետի նախաձեռնության քննարկումն էր։ Այն ժամանակ հնչում էր այն թեզը, որ, հակառակ դեպքում, երկրի դիրքերը զգալիորեն կթուլանան։ Հիմա, ինչպես շարունակել է քաղաքագետը, սկսվում է երկրորդ փուլը, որի ընթացքում բարձրացվում է տարածքների հարցը։ "Վստահ եղեք, որ Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն հրաժարվի իրենց պահանջներից։ Ուզում եմ հիշեցնել, որ երեկ Ալիեւը խոսում էր ոչ միայն սահմանադրության մասին, նա պահանջում էր նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների բացում՝ Նախիջեւանի հետ կապ ապահովելու համար, Երեւանից պահանջում էր հրաժարվել սպառազինություն գնելուց", - ասել է Սուրենյանցը, հավելելով, որ երկիրը թեւակողել է շատ բարդ շրջան, երբ Բաքվի այս կամ այն պահանջը բավարարելու Հայաստանի իշխանությունների համաձայնության ֆոնին Ալիեւը, որի ախորժակն օրեցօր աճում է, հանդես է գալիս նոր պահանջներով։
Քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանը ներկայացնում է, ընդամենը, 5-6 պահանջ, որոնց ի պատասխան, Փաշինյանը ժողովրդի հետ անկեղծ զրույց ունենալու փոխարեն վերածվել է մի մարդու, ով կատարում է այդ բոլոր պահանջները, առաջնորդվելով այն թեզով, որ կամ մենք կատարում ենք դրանք, կամ պատերազմ է սկսվելու: "Այս իրավիճակում ինձ ամենից շատ մտահոգում է երկրում անկառավարելի քաոսի ձևավորումը, ինչին մենք ականատես ենք։ Ճանապարհների փակում, երեկ Ծիծեռնակաբերդում առաջին տիկնոջ հետ տեղի ունեցած միջադեպը, բռնաճնշումները, ուժային ճնշումները անկառավարելի քաոսի առաջացման առաջին նախանշաններն են, որը կխորանա, եթե չգտնվեն քաղաքական լուծումներ, որոնցից ամենաքաղաքակիրթ ճանապարհը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է ՝ իշխանափոխության նպատակով։ Առկա խնդիրների լուծման այլ տարբերակներ ես՝ անձամբ, չեմ տեսնում", - ասել է քաղաքագետը։
Նա նշել է, որ, եթե խոսքը լիներ փոխզիջումների մասին, երկրի հանրությունը դա կհասկանար, բայց տվյալ դեպքում խոսքը բացառապես միակողմանի զիջումների մասին է, ինչը ժողովրդական վրդովմունք է առաջացնում: Սուրենյանցը կարծում է, որ երկրում ներկայիս անկայունությունը կխորանա։ "Դա անխուսափելի է, հայ ժողովուրդը, չնայած 44-օրյա պատերազմում կրած պարտությանը, երբեք չի համակերպվի իր նվաստացած վիճակի հետ։ Առավել ևս, որ թունելի վերջում լույս չի երևում։ Այսօր խոսքը չորս գյուղի մասին է, վաղը՝ սահմանադրության, մյուս օրը՝ զինված ուժերի թվաքանակի նվազեցման մասին ։ Եվ դուք, և ես շատ լավ հասկանում ենք, որ իրադարձությունների նման զարգացումը բերելու է պայթյունավտանգ իրավիճակի, և դրանից խուսափելու համար շատ քաղաքակիրթ քայլ կլիներ անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում երկրում կփոխվեր իշխանությունը, իսկ ռիսկերը կլինեին կառավարելի", - եզրափակել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ նախօրեին, ելույթ ունենալով ADA համալսարանում, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հանդես է եկել Հայաստանի հասցեին սպառնալիքներով: Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, եթե Երևանը չփոխի սահմանադրությունը, չհամաձայնի Նախիջևանի հետ տրանսպորտային կապին, չհրաժարվի սեփական բանակի վերազինումից: Ավելին, Ալիևը նաև հայտարարել է, որ արդեն սահմանազատման են ենթարկվել հայ-ադրբեջանական սահմանի 12 կմ հատվածներ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները, որոնք, ի դեպ, առայժմ որևէ կերպ չեն արձագանքել այդ պահանջներին, շարունակում են Տավուշի մարզում սահմանազատման գործընթաց իրականացու փորձերը։ Ընդ որում, բախումներ են տեղի ունենում բողոքի ակցիաների մասնակիցների հետ, ովքեր վրդովված են մարզի չորս գյուղերն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու հնարավորությունից՝ փոխարենը ոչինչ չստանալով, այդ թվում ՝ հայկական պետության 200 կմ գրավյալ տարածքների ազատումը։