Սահմանադրական դատարանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առնչությամբ կընդունի այնպիսի որոշում, որից ոչ ոք ոչինչ չի հասկանա, այսօր լրագրողներին հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Պատգամավորը ենթադրել է, որ վերջնական որոշում ՍԴ-ն այսօր չի ընդունի, կսպասեն մինչև ՙկրքերը հանդարտվեն՚, և հանրահավաքային ակտիվությունն անկում կապրի:
Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր հերթին ձեռնպահ է մնացել դատարանի որոշման առնչությամբ կանխատեսումներից: Հանրապետականը միայն հայտարարել է, որ իշխանությունը և հասարակությունը պարտավոր են ենթարկվել դատարանի ցանկացած վճռի:
Նշենք, որ այսօր ՀՀ ՍԴ-ն այսօր քննարկում է կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ 4 արտաիշխանական ուժերի կողմից ներկայացված հայց: Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կենսաթոշակային բարեփոխումն արդարացված է, այն միտված է ապագային, և իշխանությունները զիջումների չեն գնա այդ հարցում`չնայած հասարակական-քաղաքական դժգոհությանը: Սակայն, վերջին ժամանակներս Հանրապետական կուսակցության և կառավարության ներկայացուցիչներն սկսել են հայտարարել, որ պատրաստ են քննարկել բողոքները և անհրաժեշտության դեպքում համապատասխան ուղղումներ կատարել օրենքում: