ՙԴեմ եմ՚ նախաձեռնությունը մարտի 28-ին լուռ ակցիա կանցկացնի ՀՀ Սահմանադրական դատարանի մոտ`սպասելով որոշման: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են ՙԴեմ եմ՚ նախաձեռնության անդամները:
ՙՄենք հարգում ենք դատական իշխանության ինստիտուտը, այդ պատճառով մարտի 28-ին`12:30-ին, տեղի կունենա ՙԴեմ եմ՚ շարժման բողոքի լուռ ակցիան: Հենց այդ ժամանակ ՍԴ-ն որոշում է կայացնելու պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխման առնչությամբ՚,- նշել է ՙԴեմ եմ՚ շարժման անդամ Դավիթ Մանուկյանը:
Շարժման մեկ այլ անդամ Սևակ Ծատուրյանը շտապել է հավելել, որ չնայած այն բանին, որ ակցիան լուռ է լինելու`ակցիայի մասնակիցներն իշխանություների գործողությունների առնչությամբ իրենց դժգոհությունը կարտահայտեն պաստառների միջոցով:
Շարժման անդամների խոսքով, իրենք ՍԴ-ից արդար որոշում են ակնկալում: ՙՅուրաքանչյուրս հավատում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը կվերացվի՚,- նշել են նրանք: Միաժամանակ նախաձեռնության մասնակիցներն ընդգծել են, որ իրենք քաղաքական շարժում չեն, և միակ բանը, որ ցանկանում են, կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերացումն է: