Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ վերջին հանդիպման արդյունքների համաձայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Յան Քելին (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ՙՀամանախագահները և արտգործնախարարները շարունակել են հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ քննարկումները՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով կողմերի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ ջանքերը շարունակելու և մինչև տարեվերջ երկու երկրների նախագահների միջև հանդիպում կազմակերպելու հարցի վրա: Հուլիսի 12-ին Վիեննայում կայացած համատեղ հանդիպման ժամանակ երկու երկրների արտգործնախարարները վերահաստատել են վերոհիշյալ նպատակներն իրականացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իրենց հանձնառությունը և քննարկել առաջիկա ամիսներին նախատեսված բանակցությունների հետագա ընթացքը՚,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն, համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը հունիսին և հուլիսին կազմակերպել են մի շարք հանդիպումներ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը խթանելու նպատակով: