Ամերիաբանկը միկրո-բիզնեսի ներկայացուցիչների համար
ներդրել է մինչև 5 մլրդ.դրամ առանց գրավի վարկեր, առանց վարկի սպասարկման
միջնորդավճարների և ժամկետից շուտ մարման դիմաց գանձվող տույժերի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում հաղորդել է
Ամերիաբանկի մանրածախ բիզնեսվարկավորման բաժնի ղեկավար Արփինե Մայիլյանը,
ճշգրտելով, որ վարկը տրամադրվում է մինչև 3 տարի մարմանմ ժամկետով:
Նրա խոսքերով, վարկավորման
շրջանակներում բանկը պոտենցիալ վարկառուներին գրավի փոխարեն առաջարկում է
երաշխավորությունների համակարգ` երկու իրավաբանական և/կամ ֆիզիկական անձանց
կողմից: «Համաձայնվեք, որ սա հազվադեպ երևույթ է բանկային ոլորտում: Մեզ համար
երաշխիք է հանդիսանում ոչ թե գրավը, այլ կայուն, զարգացող և առողջ բիզնեսը»,-նշել
է նա:
Մայիլյանը նշել է նաև, որ միկրոբիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նաև բանկի բոլոր հաճախորդները, ստանում են իրենց վարկի պայմաները թելադրելու հնարավորություն: Հիշեցնենք, որ վերջերս Ամերիաբանկը հանդես էր եկել նոր ինովացիոն գաղափարով, որի համաձայն, հաճախորդը հանդես է գալիս որպես յուրօրինակ կառուցող, բացառիկ հնարավորություն ստանալով ինքնուրույն ստեղծել թեթև, գործող և հարմար պրոդուկտ: Գրավառուն ինքն է սահմանում վարկի մարման ձևը`անուիտետային, դիֆերենցացված կամ խառը տարբերակներով, ինչպես նաև ազատ է արժույթի ընտրության հարցում` դրամով, դոլարով, թե եվրոյով: