Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման շուրջ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի քննարկվում, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:
Նրա խոսքով, Մաքսային միությունը տնտեսական կառույց է, և նման կազմավորումների կարգավիճակը, ինչպիսին Ղարաբաղն է, չի քննարկվում: Վալովայան հայտարարել է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը ոչ մի կերպ չի անդրադառնա այդ խնդրի լուծման շուրջ բանակցային գործընթացի վրա: Հիշեցնենք, որ Վիլնյուսում ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների նոյեմբերյան գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրումը: Սակայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին:
Մաքսային միությունն ստեղծվել է ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում` որպես Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև, որը նախատեսում է միասնական մաքսային տարածություն: Ընդ որում մաքսային միության մասնակից երկրները կիրառում են միասնական մաքսային սակագին և երրորդ երկրների հետ առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ: