Ղրիմն
Ուկրաինայի կազմում է, իսկ այն ամենն, ինչ այժմ այնտեղ կատարվում է, օրինական չէ,
հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, Ղրիմի հանրաքվեն ընթացել է ճնշման ներքո,
Ուկրաինայի սահմանադրության շրջանցմաբ, առանց միջազգային դիտորդների ներկայության:
«Ինչպե՞ս այն կարող է համարվել օրինական: Դա նույնն է, եթե Երևանի որևէ փողոց
հայտարարի ինքնորոշման հանրաքվե անցկացնելու մասին», - նշել է դիվանագետը:
Ընդ որում նա հավաստիացրել է, որ Ղրիմի իրավիճակը
քաղաքական լուծում կստանա` միևնույն ժամանակ դժվարանալով նշել դրա որոշակի
ժամկետներ: «Իրավիճակի դիվանագիտական կարգավորումն սպառված չէ, Ուկրաինան խաղաղ
երկիր է, և նա ռազմական գործողություններ չի ծավալի Ղրիմի իրավիճակը լուծելու
նպատակով: Մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ ինչպես Ղրիմի,
այնպես էլ Ռուսաստանի ներկայացուցիչների
հետ` թերակղզու ինքնավար իրավունքների ընդլայնման և ռուսալեզու բնակչության
խնդիրների լուծման հարցերի շուրջ: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի, և իրավիճակն
իր քաղաքական լուծումը կգտնի», - հավաստիացրել է դիվանագետը:
Անդրադառնալով Արևելյան Ուկրաինայիում առկա իրավիճակին`
նա նշել է. «Ուկրաինան ժողովրդավարական երկիր է, այն ամենն, ինչ տեղի է ունենում
Սահմանադրությանը համապատասխան, թույլատրելի է, իսկ այն, ինչը շրջանցում է
Սահմանարդությունը, կստանա համարժեք պատասխան»: