Այն մեղադրանքները, թե Թուրքիան աջակցում է Քեսաբ քաղաքի նկատմամբ
վերահսկողություն հաստատած իսլամական գրոհայիններին, միանգամայն անհիմն են և
իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին նշվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական
կայքում զետեղված հաղորդագրությունում:
«Մենք
թշնամական քաղաքական քարոզչություն ենք համարում զուգահեռների անցկացումը Քեսաբի դեպքերի
և որոշ իրադարձրությունների միջև, որոնք տեղի են ունեցել անցյալում, և դատապարտում
ենք այդ գործողությունները», - նշվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում:
Թուրքիայի
արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդսմին նշում է, թե իրենց երկիրն «ամենից շատ է տուժել Սիրիայի վարչակազմի
բռնության և ագրեսիայի քաղաքականության հարուցած դիմակայությունից»: «Թուրքիան, մի
կողմից, ձգտում է պատասխանել սիրիական վարչակազմի հարձակումներին, որոնք սպառնում
են իր ազգային անվտանգությանը, իսկ մյուս կողմից` ապաստան է տրամադրում
քաղաքացիական պատերազմից փախածներին: Այժմ Թուրքիայի տարածքում կա շուրջ 800 հազար
սիրիացի փաստական, և մենք միջոցներ ենք ձեռնարկում նրանց օգնելու նպատակով», -
նշում է ԱԳՆ:
Եվ այդ
համատեքստում հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան, ստանձնելով հումանիտար
պատասխանատվություն, ՄԱԿ-ին տեղեկացրել է Քեսաբի հայ բնակչությանն ընդունելու իր
պատրաստակամության մասին, ինչի մասին պաշտոնական խողովակներով տեղեկացվել են նաև
հայ համայնքի ներկայացուցիչները: «Մենք շարունակում ենք այդ հարցի շուրջ
բանակցությունները: Բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն սիրիահայերի կարիքները
բավարարելու համար` ինչպես և Սիրիայի մյուս քաղաքացիներինը», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մարտի 21-ից Սիրիայի սահմանամերձ Քեսաբ քաղաքը հարձակման է ենթարկվել իսլամական ՙԱլ-Նուսրա՚ և ՙԻսլամական ճակատ՚ խմբավորումների կողմից: Քաղաքը գրոհել են Թուրքիայի կողմից և նրա աջակցությամբ: Քեսաբի հայերն ստիպված
են եղել քաշվել լեռները կամ ապաստանել Լաթաքիայում, որտեղ արդեն եղել է Հայաստանի
ԱԺ պատգամավորների պատվիրակությունը` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հաագայում
միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարել Քեսաբի վրա թուրքական գրոհները կանխելու
նպատակով: Համանման հայտարարություններով հանդես են եկել նաև մի շարք հայկական
կուսակցություններ: