Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն առաջարկել է
ապառազմականացնել Սիրիայի Քեսաբի շրջանը: Այս մասին կաթողիկոսը հայտարարել է ՄԱԿ-ի
գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով խորհրդական Ջեֆրի Ֆելտմանի հետ
հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել վերջինիս նախաձեռնությամբ:
Համաձայն Կաթողիկոսի
պաշտոնական կայքի, ՄԱԿ-ի ներկայացուցիչն Արամ Առաջինին տեղեկացրել է, որ
կազմակերպությունը չափազանց մտահոգված է Քեսաբի իրավիճակով, և որ ինքը հանդիպել է
Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ դեսպան Լահդար Բրահիմի, ինչպես նաև ՄԱԿ-ում Հայաստանի և
Թուրքիայի դեսպանների հետ:
Արամ
Առաջինը Ֆելտմանին առաջին հերթին ներկայացրել է Քեսաբի իրավիճակը, կոչ անելով
հատուկ ուշադրություն դարձնել թուրքական գործոնին: Նրա խոսքով, Քեսաբի
ապառազմականացումը հնարավորություն կտա լիցքաթափել իրադրությունը: ՄԱԿ
ներկայացուցիչը խոստացել է այդ հարցը քննարկել Բրահիմի հետ: