Երևանում աշխատանքն է սկսել ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը, որն այս տարի զուգադիպել է հետխորհրդային տարածքում
առկա ինտեգրման գործընթացներին: Որպես «Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովի նախաձեռնող հանդես է գալիս կառավարող ՀՀԿ-ն:
Համաժողովի մասնակիցներին հղած իր գրավոր ուղերձում ՀՀԿ
առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանն
արդեն կատարել է Մաքսային միությանն անդամակցության «Ճանապարհային քրտեզում»
ամրագրված պարտավորությունների մեծ մասը: Նախագահը հիշեցրել է, որ դրան կհետևի
Հայաստանի կողմից միջազգային իրավական փաստաթղթի ստորագրումը: Դրանով երկիրը
կարձանագրի իր ուղղակի մասնակցությունն ինտեգրման գործընթացներին:
Համաժողովի
ընթացքում ընթերցվել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ողջույնի ուղերձը, որում Ռուսաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, թե
Հայաստանը կարևոր ընտրություն կատարեց՝ հայտարարելով Մաքսային միությանն անդամակցելու և Միասնական տնտեսական տարածքի մաս դառնալու մտադրության մասին: «Այսօր կարելի է փաստել, որ համապատասխան «Ճանապարհային քարտեզի» իրագործումը հաջող է ընթանում: Աշխատանքը նոր ինտեգրացիոն ձևաչափով արդեն որոշակի դիվիդենտներ է բերում Մաքսային միության անդամ երկրներին», - ասվում է ուղերձում: Դ.Մեդվեդևը համաժողովի
մասնակիցների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ գլոբալացման
պայմաններում ողջ աշխարհում դիտվում է ինտեգրացիոն միավորումների զարգացման կայուն
միտում: