ՙԳեոթիմ՚ ՓԲԸ հրավերով Ամուլսարի հանքավայր է այցելել միջազգային բանկերի և ներդրումային կազմակերպությունների խումբը` նախագծին ծանոթանալու և նախագծում ներդրումների մասին որոշում կայացնելու համար: Կանադական TSO& Associates ընկերության ներկայացուցիչ Թերենս Օրթսլանը, հանքավայր այցելության ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ ընկերությունն արդեն ներդրում է կատարել Ամուլսարի նախագծում և կշարունակի նոր ներդրողների ներգրավել` ներրդումները նախագծում հասցնելով մինչև 12 մլն դոլարի կամ նախագծի արժեքի 58 տոկոսի:
BNP Paribas ներկայացուցիչ Թոմաս լա Բրին նույնպես հաղորդել է, որ բանկը կուսումնասիրի նախագծի վարկավորման հնարավորությունը: ՙՄինչև ներդնելը հարկավոր է մանրամասն ծանոթանալ նախագծին և, եթե արդյունքը լինի դրական, ապա մենք պատրաստ ենք համագործակցել: Նման նախագծերի համար մեր վարկերը, սովորաբար, կարող են սկսվել 10 մլն դոլարից` մինչև 50 մլն դոլար՚, - ասել է նա:
Այդ նախագծի իրագործումը թույլ կտա ստեղծել ավելի քան 500 նոր աշխատատեղ, ինչպես նաև կհամալրի Հայաստանի բյուջեն հարկերի և ռոյալթիի հաշվին, հաղորդել է ՙԳեոթիմի՚ տնօրեն Հայկ Ալոյանը: Նրա ասելով, ՙԳեոթիմը՚ մտադիր է 2013 թվականին 400 հազար դոլար ներդնել սոցիալական ծրագրերում: Անցած տարիներին շուրջ 500 հազար դոլար է ներդրվել սոցիալական նախագծերում` հանքավայրին հարող համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով: ՙԳեոթիմի՚ ներկայացուցիչները նշում են, որ համայնքների կյանքում ընկերության մասնակցության շնորհիվ գյուղերում նվազել է արտագաղթը: Ընկերությունն աշխատանքով ապահովել է 150 մարդու:
Հիշեցնենք, որ ՙԳեոթիմ՚ ՓԲԸ 2006 թվականից ի վեր լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանք է անցկացնում Ամուլսարի ոսկու հանքավայրում, որը ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում հայտնաբերված միակ ոսկու հանքավայրն է: Ընկերության միակ բաժնետերը Lydian International ընկերությունն է: 2009 թվականին ընկերության բաժնետեր է դարձել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, և 2012 թվականի մարտի 21-ին իր բաժնեմասն ընկերության կապիտալում հասցրել է 6,80 տոկոսի, իսկ բաժանետոմսերի 10,23 տոկոսը պատկանում է Միջազգային ֆինանսական կորպորացիային, որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է: