Օդերևութաբաններն անձրևոտ եղանակ են կանխատեսում հունիսին: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ ԱԻՆ ՙՀայպետհիդրոմետի՚ օդերևութաբանական կանխատեսման բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, ամռան առաջին ամսում սպասվում են նորմայից բարձր տեղումներ: Բացառություն են կազմում Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, որտեղ անձրևները կլինեն նորմայի սահմաններում: Հունիսի առաջին 5 օրերին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Ինչ վերաբերում է Երևանին, առանձին օրերին կարելի է սպասել ջերմաստիճանի բարձրացում մինչև 30-33 աստիճան: Հունիսի 1-ին` երեկոյան ժամերին, և 2-ից 4-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ջերմաստիճանը մայրաքաղաքում առաջիկա 5 օրերին կկազմի 24-26 աստիճան: