Մի քանի տարուց Հայաստանում ոչ մի մաքուր գետ չի մնա:
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայաստանի կանաչների
միության» ղեկավար Հակոբ Սանասարյանը:
Փորձագետը նշել
է, որ Հայաստանում լեռնահումքային արդյունաբերությունը լուրջ վտանգ է պատճառում
շրջակա միջավայրին, աղտոտելով խմելու և ոռոգման ջրերի աղբյուրները: Միևնույն
ժամանակ, նշել է նա, ստեղծված իրավիճակի համար ոչ մեկը պատասխանատվություն չի
կրում, իսկ լեռնահումքային ընկերությունները օրենսդրորեն ազատված են թափոնների
դիմաց հարկեր վճարելուց:
Նրա խոսքով, 5-8
տարուց կարելի է պարզապես մոռանալ Մեղրի քաղաքի գոյության մասին: Ինչպես նշվել է,
այստեղ արդեն տրամադրվել է ընդերքի շահագործման 19 լիցենզիա, ինչն այդ քաղաքը
կդարձնի ապրելու համար ոչ պիտանի: «Պետք չէ մոռանալ նաև ապառներում ցրված ուրանի
առկայության մասին, ինչի մասին պաշտոնատար անձինք գերադասում են լռել»,-ընդգծել է
Սանասարյանը:
Ըստ փորձագետի,
լեռնահումքային արդյունաբերության ետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ, և
միայն դրանով կարելի է բացատրել այն փաստը, որ ոլորտի ռիսկերի գոյության մասին
բնապահպանների հայտարարությունը լրջորեն չեն ընդունվում:
Բացի այդ,
ներկայիս օրենսդրությունը լեռնահումքային արդյունաբերությունը դարձրել է
գերշահութաբեր, հետևաբար, անգամ ոչ մեծ հանքավայրերը կարող են բերել հսկայական
գումարներ: Այն, որ միջազգային կազմակերպություններն ակտիվորեն հանդես են գալիս
Հայաստանի լեռնահումքային արդյունաբերության զարգացման օգտին, միայն ավելի է սրում
իրավիճակը, քանի որ նրանց դիրքորոշումը բնապահպաններին զրկում է իրենց կարծիքը
կառավարությանը հասցնելու լրացուցիչ հնարավորությունից:
Ինչպես
ավելի վաղ նշել էին բնապահպանները, Հայաստանն սկսել է հիշեցնել Ջեկ Լոնդոնի
ժամանակների Ալյասկան: Այսպես, լեռնահումքային արդյունաբերության թափոնները հաճախ
հայտնվում են անտառների տարածքներում, ինչը կարելի է տեսնել Քաջարանի և Ագարակի
անտառներում: Բացի այդ, գործնականում հանքավայրերին մոտ գտնվող բոլոր համայնքների
խմելու ջրի մեջ տեղի է ունեցել ծանր մետաղների ներթափանցում