Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է սիրիական Քեսաբում տեղի ունեցած վերջին իրադարձությունների առնչությամբ: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Մարի Հարֆը:
ՙՄենք խորապես մտահոգված ենք Քեսաբում տեղի ունեցած մարտերի ու բռնությունների առնչությամբ, ինչը վտանգել է հայկական համայնքը` ստիպելով շատերին լքել իրենց տները: Սիրիայի բոլոր քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն: Մենք դատապարտում ենք Սիրիայի բոլոր քրիստոնյաների և ազգային այլ փոքրամասնությունների նկատմամբ շարունակվող սպառնալիքները՚,- նշել է նա: Ըստ որում, Հարֆը խուսափել է հիշյալ գործողություններին Թուրքիայի մասնակցությանն առնչվող պատասխանից:
Հիշեցնենք, որ մարտի 21-ից Սիրիայի սահմանամերձ Քեսաբ քաղաքը հարձակման է ենթարկվել իսլամական ՙԱլ-Նուսրա՚ և ՙԻսլամական ճակատ՚ խմբավորումների կողմից: Քաղաքը գրոհել են Թուրքիայի կողմից և նրա աջակցությամբ: Քեսաբի հայերն ստիպված են եղել քաշվել լեռները կամ ապաստանել Լաթաքիայում, որտեղ արդեն եղել է Հայաստանի ԱԺ պատգամավորների պատվիրակությունը` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հաագայում միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարել Քեսաբի վրա թուրքական գրոհները կանխելու նպատակով: Համանման հայտարարություններով հանդես են եկել նաև մի շարք հայկական կուսակցություններ: