Հայաստանի բնակչության 10 տոկոսը ՌԴ անձնագրեր ունեն: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդպիսի փորձագիտական տվյալներ է նշել Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
«Այսօր Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ճշգրիտ թիվը հայտնի չէ, բայց կարող ենք ասել՝ երկու-երեք հարյուր հազար, սա փորձագիտական գնահատական է։ Գերակշիռ մասը երկքաղաքացի են։ Քաղաքացիություն և մշտական բնակություն իրարից պետք է տարբերենք, քաղաքացիություն ձեռքբերելը չի նշանակում մշտապես բնակվել այդ երկրի տարածքում։ Օրինակ՝ մենք թույլատրում ենք երկքաղաքացիությունը ծագումով հայերի համար, և մեր բազմահազար հայրենակիցներ հաճույքով, սիրով օգտվել են այդ հնարավորությունից, դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Տարեկան տասնյակ հազարների է հասնում այդ թիվը։ Բայց նրանց շատ փոքր մասն է, որ բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի քաղաքացիություն ձեռքբերելու պայմանների հետագա հեշտացումը սպառնալիք չէ Հայաստանի համար, արդյո՞ք չի հանգեցնի Հայաստանից արտագաղթի տեմպերի աճին, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ ավելի լուրջ հետևանքների` Գագիկ Եգանյանը համոզմունք է
հայտնել, որ ՌԴ քաղաքացիություն ստանալը չի նշանակում մշտապես բնակություն
հաստատել Ռուսաստանում, մարդիկ ձգտում են այսպիսով իրենց կենցաղային խնդիրները լուծել:
Այս օրերին Ռուսաստանի Պետդումայի օրակարգում է «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը, որի համաձայն, նախկին խորհրդային հանրապետությունների այն բնակիչները, ովքեր բնակություն են հաստատում Ռուսաստանում, ունեն ռուսերենի անհրաժեշտ գիտելիքներ, կարող են երեք ամսում քաղաքացիություն ստանալ, եթե հրաժարվեն իրենց երկրի քաղաքացիությունից և անցնեն ռուսաց լեզվի քննությունը։