Սևանում իշխանի պահուստների համալրման և ձկնաբուծության
զարգացման ծրագիրն առաջացրել է բնապահպանների զայրույթը: Ծրագրով նախատեսվում է
ինկուբատորի, մանրաձկնային տնտեսության և ձկան վերամշակման գործարանի ստեղծում:
Արտադրանքը (սառեցված ձուկը, պահածոները, ապխտած ֆիլեն) հիմնականում կարտահանվի:
Ըստ բնապահպանների, արդեն պատրաստվում է կառավարության որոշման նախագիօծը, իսկ
«Էմի Ֆրուտ» ընկերությունն ավարտել է պիլոտային նախագիծը և իր հաշվարկներն է
ներկայացնում կառավարությանը:
Ինչպես բնապահպանական
հասարակական կազմակերպությունների Ալյանսի խորհրդակցության ընթացքում այսօր նշել է
բնապահպան Ինգա Զառաֆյանը, ըստ նախագծի, արհեստական կերով կերակրվող իշխանի
թվաքանակը նախատեսվում է մինչև 2023 թվականի հասցնել 50 հազ.տոննայի: Բնապահպանների
տագնապն է առաջացնում այն հանգամանքը, որ Սևանա լիճ կբերվի մինչև 50 հազ.տոննա
արհեստական կեր, ինչը հսկայական թիվ է: Ընդ որում, եթե 2015 թվականին կտեղադրվի 4
ցանցավանդակ, ապա 2019 թվականին դրանց թիվը կհասնի 74-ի:
Զարաֆյանը նշել
է, որ նման պայմաններում անհնար է իրականացնել որակյալ մոնիտորինգ: «Սևանի գծով
հանձնաժողովը կողմ է, ասում են, որ կվերահսկենք, որպեսզի կերը չկեղտոտի լիճը,
կհետևեն որակին: Հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնում նաև գումարին, որն
ընկերությունը մտադիր է ներդնել Սևանի հիմնադիամին, որը կազմում է 23 մլրդ.դրամ:
Սակայն, թե ինչ կմնա հետագայում Սևանից, երբ տնտեսվարող սուբյեկտները ներդնեն այդ
գումարը, և ո՞վ պետք է դրանք կառավարի, անհասկանալի է»,-նշել է Զառաֆյանը,
հավելելով, որ նախագծի բնապահպանական միջոցառումները բավականին մշուշոտ են:
Հաշվի առնելով
վերը նշվածը, Ալյանսը մտադիր է այս հարցով հանդես գալ հայտարարությամբ: