ՀԱԷԿ գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է, իսկ
փոխտնօրեններից մեկը` կալանավորվել: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը` վկայակոչելով
սեփական աղբյուրները։
Թերթի
համաձայն, տվյալ պահին ԱԷԿ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարում է գլխավոր ճարտարապետ Մովսես Վարդանյանը, ով հաստատել է Մարկոսյանի պաշտոնանկության
վերաբերյալ տեղեկությունները: «Գագիկ Մարկոսյանը մի քանի օր առաջ ազատվել է` իր դիմումի համաձայն », -
նշել է Վարդանյանը։ Նա ընդսմին չի հերքել կալանավորվածների
առկայության վերաբերյալ տեղեկությունները: «Կալանավորված անձինք կան, բայց ոչ գործող աշխատակիցների թվում», - ասել է նա:
Վկայակոչելով սեփական աղբյուրները` թերթը նշում է, որ ռազմավարական
օբյեկտում կադրային փոփոխություններն առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին։ «Հետաքրքիր է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն այս մասին չի տարածել, կարծես ոչ թե մեր գլխավոր ռազմավարական օբյեկտի տնօրենն է փոխվել, այլ գյուղական մասնաճյուղի մի էլեկտրիկ։ Նախարարության այս գաղտնի գործելաոճը մեզ կասկածների տեղիք տվեց, եւ պարզեցինք, որ գործից ազատվել են նաեւ ատոմակայանի երկու փոխտնօրենները, որոնցից մեկը կալանավորված է», - նշում է աղբյուրը։