Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունել է Եկեղեցիների ազգային խորհրդի նամակն՝ ուղղված նախագահ Օբամային, որտեղ ասվում է. ՙԲոլոր կրոնական համայնքներին պատկանող սիրիացիները ներքաշված են այս ահավոր հակամարտության մեջ, սակայն մեզ մասնավորապես անհանգստացնում է քրիստոնեական համայնքների վիճակը, որոնք հաճախ ամենախոցելին են՚։
Այս նամակն ուղարկվել է այն օրը, երբ Համագումարի և Արևելյան թեմի ներկայացուցիչները հանդիպեցին Պետքարտուղարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը և օգնությունը Սիրիայի հայկական համայնքին։ Եկեղեցիների ազգային խորհրդի նամակում մասնավորապես նշվում է հետևյալը. ՙՔեսաբում հայկական գյուղերի վրա իրականացված հարձակումը մեր ուշադրության կենտրոնում է։ Չնայած, որ այս հարձակումը սիրիական հակամարտության ընդհանուր համատեքստում է, այն զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել առավելապես տեղի քրիստոնեական համայնքներում՚։ Նամակում առանձնապես կոչ է արվում նախագահ Օբամային ՙպաշտպանել քրիստոնեական համայնքները՚ և ՙվերականգնել կայունությունը Քեսաբի հայկական համայնքներում՚։
Եկեղեցիների ազգային խորհուրդը ստեղծվել է 1950թ. և հանդիսանում է ԱՄՆ-ի քրիստոնյաների միջև միջեկեղեցական համագործակցության գործընթացի առաջատար ուժը։ Եկեղեցիների ազգային խորհրդի անդամ են 37 համայնք, որոնց շարքում են բողոքական, անգլիական, ուղղափառ, ավետարանչական, պատմական աֆրո-ամերիկյան և Խաղաղ կյանքի եկեղեցիները։ Նրանք ունեն մոտ 45 միլիոն հետևորդ, ովքեր միավորված են ԱՄՆ-ի ավելի քան 100.000 տեղական համայնքներում։ ՙԱմերիկայի հայկական համագումարի ու բոլոր ամերիկահայերի անունից ողջունում ենք Եկեղեցիների ազգային խորհրդի նամակը և բարձր ենք գնահատում նրանց համերաշխությունը ու Սիրիայում քրիստոնյա հայկական համայնքի տանջանքներին վերջ դնելու հարցում օգնելու պատրաստակամությունը՚, - նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ամերիկայի հայկական համագումարը 1972 թվականին Վաշինգտոնում հիմնված և տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: