Որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Արցախի Բակո Սահակյանի և արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Մենք ենթադրում ենք, որ հիմնարար սկզբունքների վրա աշխատանքների ավարտից հետո, երբ հասկանալի կլինի, թե ինչպես առաջ շարժվել այդ փուլում, կարելի կլինի քննարկել բանակցություններին վերադառնալու հարցը», - ասել է դիվանագետը:
Նրա ասելով, քննարկվում է նաև շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների կանխման հարցը, սակայն ամեն ինչ այնքան էլ լավ չէ, ինչպես իրենք են ցանկանում, քանի որ «շարունակում են մարդիկ զոհվել»:
Ադրբեջան այցելության ժամանակ ամերիկացի համանախագահի արած ուշագրավ հայտարարության վերաբերյալ լրագրողները Ջեյմս Ուորլիքից պարզաբանում են խնդրել: Հիշեցնենք՝ «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայության և «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում ամերիկացի դիվանագետը, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր ներգրավմանը, մասնավորապես, ասել էր, թե չի բացառում, որ ինչ-որ մի պահի Թուրքիան կարող է որոշակի դերակատարություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության
կարգավորման գործում: Ստեփանակերտում, շարունակելով թեման, ամերիկացի դիվանագետը խոստովանել է, որ չի կարող Թուրքիայի անունից խոսել, պարզապես, հույս ունի, որ «եթե Թուրքիան ցանկանա ինչ-որ դերակատարություն ունենալ, ապա այն պետք է լինի դրական բոլորի համար՝ տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման նպատակով»: Ի պատասխան լրագրողների հիշեցման, թե Թուրքիան մինչև հիմա էլ հստակ մեկի կողմնակիցն է, ուստի ինչ փոփոխություններ են ակնկալում պաշտոնական Անկարայից, Ջեյմս Ուորլիքը հավաստիացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներն իրենց խմբի շրջանակներում անելու են ամեն ինչ, որպեսզի կարգավորումը լինի համապարփակ, և տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն: Ամերիկացի համանախագահը նաև ընդգծել է, որ «հայ - թուրքական հարաբերությունները որևէ կապ չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ»: