Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցության դեպքում
երկրի տնտեսական աճ կապահովվեր միայն առաջիկա 5-7 տարում, իսկ հետո կսկսվեր
լճացման շրջան: Այսօր այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Ուկրաինայի
դեսպանության խորհրդական Իգոր Ռոմանը Ուկրաինայի իրավիճակին նվիրված կլոր սեղանի
ընթացքում, որը կազմակերպել էր Ռազմավարական և ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնը:
«Մենք հասկանում ենք, որ
Մաքսային միությանն անդամակցումը կապահովեր մեր ավիաարդյունաբերության, բազմաթիվ
խոշոր ձեռնարկությունների զարգացումը, որոնք սերտորեն կապված են Ռուսաստանի տնտեսության
հետ, դա վերաբերում է, հատկապես, արևելքում կենտրոնացված արդյունաբերական
հզորություններին: Կարելի է խոսել Մաքսային միության հսկայական շուկայի մասին,
սակայն նման իրավիճակը կշարունակվեր 5-7 տարի: Իսկ հետո Եվրամիությունն առաջ
կշարժվեր իր տնտեսական զարգացմամբ, իսկ մենք Ռուսաստանի հետ միասին տեղում
կդոփեինք», - կարծում է Ռոմանը: Նրա ասելով, հենց այդ ըմբռնումը հանգեցրեց
Մայդանի:
Դիվանագետը նաև հաղորդել
է, որ եթե 2011 թվականին սոցհարցումների տվյալներով Ուկրաինայի քաղաքացիների
ընդամենը 30 տոկոսն էր հանդես գալիս եվրաինտեգրման օգտին, ապա այսօր այդ ցուցանիշը
կազմում է շուրջ 70 տոկոս: Եվ ԵՄ հետ ինտեգրման կողմնակիցների զգալի մասն
ուսանողներն են, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ: «Ռուսական
հեռուստաալիքները փրփուրը բերաններին պնդում են, թե Ուկրաինայում իշխանության են
եկել ֆաշիստներն ու բանդերականները: Դա սուտ է, նման պնդումները ցինիզմի և
լկտիության գագաթնակետն են: Եվրոմայդանը չէր հաղթի առանց կիևցիների աջակցության:
Իսկ կիևցիները ոչ թե ինչ-որ ֆաշիսներ և նացիստեր են, այլ` փոքր և միջին բիզնես,
բանկային ծառայողներ, որոնք ցերեկը գնում էին աշխատանքի, իսկ երեկոյան` Մայդան: Այդ
նրանք հաղթեցին, այդ նրանք տապալեցին իշխանությունը, որը երեք տարի շարունակ մեզ համոզում
էր, որ մենք գնում ենք դեպի Եվրոպա, իսկ վերջին պահին շեղվեց ճանապարհից», -
հայտարարել է Ի.Ռոմանը: