Ազատության հրապարակում սկսվել է ընդդիմադիր
«Ժառանգություն» կուսակցության հերթական հանրահավաքը:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը իրադարձության վայրից, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում երկրի իշխանություններին կշտամբել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ղրիմի վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելու որոշման համար, հավելելով, որ «կարող էին գոնե ձեռնպահ մնալ»: Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, «այս անընտիր, կեղծընտիր իշխանության օրոք կարող ենք մոռանալ Ցեղասպանության ճանաչման և հատուցման մասին, այս ապօրինի իշխանության օրոք կարող ենք մոռանալ Արցախի ինքնորոշման և ճանաչման մասին, ՀՀ անկախության, մարդու իրավունքների, ազատ ընտրությունների, բնապահպանության և ազատ շահերի մասին»: Փոխարենը, ինչպես նշել է Հովհաննիսյանը, հայ ժողովուրդը տեսնում է թանկացումներ, թալան, ազգային սեփականության օտարում, արտագաղթ ու ստրկություն։ «Երկրում տիրող հանցավորության մթնոլորտը այսուհետև
էլ կպահպանվի, եթե այսօրվա իշխանությունը չնահանջի»: