Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը վիրավորել է եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը: Այդ մասին դեկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է եզդիների «Սինջար» ազգային միավորման նախագահ Բորիս Թամոյանը:
Հանդիպման ընթացքում Շարմազանովը նշել է, որ հայերին եւ եզդիներին կապում է դարավոր բարեկամությունը, եւ ինքը կարեւորում է ազգային փոքրամասնությունների, հատկապես եզդիական համայնքի դերը մեր պետության կայացման գործում: Նա ընդգծել է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետության լիարժեք քաղաքացիներ են, եւ նրանց իրավունքներն ու ազգային արժանապատվությունը պաշտպանված են: Շարմազանովը հավելել է, որ Հայաստանն այստեղ ապրող բոլոր ազգերի եւ ազգությունների հայրենիքն է, եւ նրանց իրավունքների ոտնահարման ամեն փորձ դատապարտելի է:
Նախօրեին
խորհրդարանում հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը, ով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»
խաղում հանդես է գալիս հեռուստադիտողի շահերից ելնելով, բավականին կտրուկ էր արձագանքել
լրագրողի այն հարցին, թե արդյոք օրենքի խախտում չէ հայկական հեռուստատեսությամբ
ծրագրի ռուսերեն հեռարձակումը: «Դուք իրո՞ք այնքան ցածր մակարդակի եք, որ այդպես
եք մտածում: Եթե փողոցում եզդին այդ հարցը տար, ես չէի զարմանա, բայց դուք իրո՞ք
այդպես եք մտածում»: Այդ արտահայտությունը վրդովմունք էր հարուցել եզդիական
համայնքի շրջանում, որի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել
խորհրդարանի շենքի մոտ և մտադիր են դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով: