Զանգվածային լրատվության միջոցներում ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, պարզվել է, որ Լևոն Երանոսյանը չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ դրանով իսկ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները:Ծառայողական քննության արդյունքներով, ոստիկանության պետի հրամանով՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն: Նշենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով վերջին երկու օրում աշխատանքից հեռացրել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 10 աշխատակից: Նախօրեին Գասպարյանն արտահերթ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ընդդիմադիր գործիչներին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպերը: Այդ առնչությամբ ցուցում է տրվել` խստացված ծառայության ռեժիմի անցնել Երևանի փողոցներում: