ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել ԵԱՀԿ Մինսկի
խմբին և համապատասխան պայմաններ ստեղծել բանակցությունների ինտենսիֆիկացման համար:
Այդ մասին հաղորդում է «Թրենդը»` վկայակոչելով ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային
Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնադինգերին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման
առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում
կառուցողական քննարկում է անցկացվել արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ
հանդիպման ընթացքում ես ընդգծել եմ, որ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության համար
Մինսկի գործընթացը շատ կարևոր է: Մենք
հասկանում ենք, որ հակամարտության շարունակումն աղետալի է դրանից տուժածների
համար, և հակամարտությունը վտանգավոր է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար», -
ընդգծել է նա և այդ համատեքստում հիշեցրել, որ ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալտերը
նշել է, թե Շվեյցարիան մտադիր չէ սպասողական դիրք բռնել:
Գնադինգերն ընդգծել է, որ Շվեյցարիան լիովին սատարում է
Մինսկի գործընթացը և սերտորեն համագործակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի հնամանախագահների և
հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: «Շվեյցարիան ձգտում է ավանդ ներդնել
ԵԱՀԿ շրջանակում այդ գործընթացի կարգավորման գործում և ապահովել երկխոսությունը
երկու պետությունների դիվանագետների և քաղաքացիական հասարակությունների միջև:
Շվեյցարիան հատուկ ուշադրություն է դարձնում այն նախաձեռնություններին և
նախագծերին, որոնք նախատեսում են ժողովրդական դիվանագիտություն և նպատակաուղղված
են կողմերի միջև վստահության վերականգնմանը», - փաստել է հատուկ ներկայացուցիչը: Նա
ընդսմին հավելել է, որ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը պատրստ է ըստ
ամենայնի աջակցել Մինսկի խմբին և կողմերին` երկխոսության ինտենսիֆիկացման գործում:
Անդրադառնալով
տարածաշրջանի գերակայություններին` նա նշել է, որ դրանք առնչվում են Հարավային
Կովկասում առկա ձևաչափերի ամրապնդմանը` տարածաշրջանի երկրների հասարակությունների
միջև ինտենսիվ կապերի հաստատման համար: Հատուկ ներկայացուցչի ասելով, ԵԱՀԿ
հիմնական ուշադրությունը կսևեռի երիտասարդությանն ու որոշակի մասնագիտությունների
ներկայացուցիչներին` լրագրողներին, նկարիչներին, փրկարարներին առնչվող նախագծերին,
ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը: