Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկել է սեփական ազգային շահերից ելնելով: ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրւոյցում նման կարծիք է արտահայտել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա նաև ընդգծել է, որ դա իր անձնական կարծիքն է, իսկ կուսակցությունում Հայաստանի որոշումը չի քննարկվել:
Նշենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում Ղրիմի վերաբերյալ բանաձևին դեմ է քվեարկել 11 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Բանաձևն ընդունվել է ձայների 100-«կողմ», 11-«դեմ» և 58-«ձեռնպահ» հարաբերակցությամբ: Բանաձևին դեմ են արտահայտվել Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, Կուբան և Նիկարագուան: ՆՇենք նաև,
որ մինչև քվեարկությունը ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր,
որ Հայաստանը Ղրիմի հարցի քվեարկությունում կմնա ձեռնպահ:
Հակոբյանի խոոսքով, ԱՄՆ և Եվրոպան սիրում են խոսել համամարդկային
արժեքներից, բայց երբ խոսքը գնում է Հայաստանի և Արցախի մասին, ժողովրդավարության
այդ ջատագովներն իսկույն սսկվում են: «Նրանք կիրառում են երկակի ստանդարտներ, և
չգիտես թե ինչու, միայն մենք պետք է ղեկավարվենք այդ համամարդկային արժեքներով:
Այսպես թե այնպես, ես Արցախը Ղրիմի հետ չեմ համեմատում, բայց գոյություն ունի
ինքնորոշման իրավունք, որն իրականացվել է Ղարաբաղի ժողովրդի կողմից: Նույնը եղել է
նաև Ղրիմում: Մենք մոռացել ենք, որ այդ նույն Ուկրաինան ԳԱՈւՄ-ի շրջանակներում
միշտ էլ դրսևորում էր հակահայկական և հակաարցախյան դիրքորոշում: Իհարկե, ճիշտ
կլիներ ձեռնպահ մնալը, բայց տվյալ պարագայում` էական տարբերություն չկա»,-նշել է
Հակոբյանը: Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ վստահ չէ, որ Հայաստանը քվեարկել է
Ռուսաստանի ճնշման ներքո: Նա նաև չի կարևորել, թե որ երկրների շարքում է Հայաստանը
քվեարկել այդ բանաձևին դեմ:
ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն
Ռուստամյանն էլ իր հերթին է գտնում, որ վերջիվերջո Ղրիմում տեղի է ունեցել
հանրաքվե, որի արդյունքը կասկածի ենթակա չէ, թեկուզ այն պատճառով, որ թերակղզու
բնակչության 75%-ը ռուսներ են: «Հարցը պետք է դիտարկվի հատկապես այս տեսանկյունից:
Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ չի կարելի ընդունել ժողովրդի կամքին
հակառակ որոշում: Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին քվեարկած այդ 100
երկրները ժամանակի ընթացքում կփոխեն իրենց կարծիքը, ինչպես դա տեղի ունեցավ
ռուս-վրացական հակամարտությունից հետո: Հայաստանի որոշումը ճիշտ էր: Այդ 100
երկրները ժամանակին ճանաչեցին Կոսովոն, ինչո՞ւ: Ինչո՞ւ Ղրիմը պետք է իրավունք
չունենա որոշելու սեփական ճակատագիրը»,-ասել է Ռուստամյանը: