Մարտի
14-ին ՀՀ
տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում հրապարակված որոշման համաձայն, ՏՄՊՊՀ-ը շվեյցարական
«Հելվելեքս» ընկերությանն արգելել է 22 մլն շվեյցարական ֆրանկով ձեռք բերել «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերության
100 տոկոս բաժնեմասը:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը հաղորդեցին ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից, ուսումնասիրության
ժամանակ Հանձնաժողովը պարզել է, որ «Հելվելեքս» ընկերության ամբողջ կապիտալը
կազմում է ընդամենը 50 հազար շվեցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է
22 մլն շվեյցարական ֆրանկով ձեռք բերել հայկական ընկերությունը: Ի պատասխան Հանձնաժողովի հարցադրումների,
թե շվեցարական ընկերությունը չունենալով միջոցներ ում հաշվին է ձեռք բերում
հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են որևէ տեղեկատվություն
ներկայացնել: Հանձնաժողովի դիտարկմամբ, այս գործարքը խնդրահարույց է. տնտեսվարողները չեն
ցանկանում բացահայտել իրական շահառուին, և չի բացառվում որ գործարքը կեղծ է: Վերոնշյալի հիման վրա ՏՄՊՊՀ նիստում որոշվել է արգելել համակենտրոնացումը:
Աղբյուրի համաձայն, ընթացիկ տարվանից ՀՀ ՏՄՊՊՀ-ը առավել խիստ վերահսկողություն է սահմանում համակետրոնացումների նկատմամբ: Հանձնաժողովի նպատակն է
թույլ չտալ նույն ոլորտում գործող տարբեր ընկերությունների՝ միավորումների միջոցով չհիմնավորված խոշորացումը և գերիշխող դիրքի ամրապնդումը:
«Գինու-Կոնյակի Տուն
«Շահնազարյան» ընկերությունում հրաժարվել են ԱրմԻնֆոյի թղթակցին մեկնաբանել
միավորվելու մտադրությունը, պատճառաբանելով, թե ընկերության ղեկավարությունը
երկրից բացակայում է:
ԱրմԻնֆոյի
տվյալներով, «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությունը կոնյակների և
գինիների խոշոր արտադրող չէ: Այդ ընկերությունը չի հրապարակում իր ֆինանսական
ցուցանիշները: 1000 խոշոր հարկատուների ցուցակում 2012 թվականին ընկերությունն
զբաղեցրել է միայն 884-րդ տեղը` բյուջե վճարելով շուրջ 92 մլն դրամ: