ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Լևոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, այսօր մեկնել է Սիրիա` այդ երկրի հայ համայնքի վիճակին ծանոթանալու համար: Այդ մասին հաղորդել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Նա նշել է, որ հայ խորհրդարանականները, մասնավորապես, կայցելել Լաթաքիա և կծանոթանան այնտեղի հայերի խնդիրներին: Վերադառնալուն պես պատգամավորները գործընկերներին կզեկուցեն սիրիահայերի վիճակի մասին` անհրաժեշտության դեպքում կարիքավոր հայերին աջակցության նպատակով միջոցներ մշակելու նպատակով: Հիշեցնենք,
որ մարտի
21-ի վաղ առավոտյան թուրքական ստորաբաժանումները չորս ուղղություններով հարձակվել
են Սիրիայի սահմանամերձ Քեսաբ քաղաքի վրա, որտեղ հայեր են բնակվում: Քաղաքի
բնակիչները, զգուշանալով թուրք գրոհայիններից, քաշվել են լեռները: Միջադեպի
առնչությամբ հայտարարություններով հանդես են եկել ՀՅԴ-ն և ՍԴՀԿ-ն: Այդ հարցը
Հաագայում իր ելույթում բարձրացրել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը`
միջազգային հանրությունից պահանջելով համարժեք գնահատական տալ հայերի նկատմամբ
Թուրքիայի գործողություններին: Նախագահի ելույթում և հայկական ավանդական
կուսակցությունների հայտարարություններում զուգահեռներ են անցկացվել հայերի
նկատմամբ Թուրքիայի ներկայիս գործողությունների և 1915-23թթ. Ցեղասպանության միջև:
Սիրիայում Հայաստանի դեսպանությանը Քեսաբի հայերի խնդիրները լուծելու հրահանգ է
տրվել: