Թուրք գրոհայինների միջոցով ԱՄՆ և Եվրամիությունը փորձում են ևս մեկ Հայոց ցեղասպանություն իրականացնել, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
ՙԴրա վկայությունը Քեսաբի և Հալեպի վերջին իրադարձություններն են, քանի որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հետ կանչեց դեսպանին Սիրիայից, անմիջապես սկսվեցին ռմբակոծությունները, որոնց հիմնական թիրախը հայկական եկեղեցին և քեսաբահայերն էին՚,- հայտարարել է փորձագետը: Նա չի կարողացել նշել, թե ինչու են ԱՄՆ-ը և ԵՄ-ն ցանկանում Ցեղասպանություն իրականացնել, սակայն ենթադրել է, որ հայերը խոչընդոտում են հիշյալ ուժային կենտրոներին Քուրդիստանի ստեղծման հարցում: ՙԱյսուհետ ԱՄՆ-ը բարեկամ երկիր չէ, և Ամերիկայի հայկական լոբբին պետք է գիտակցի դա`իրենց իրավունքների և Սիրիայում գտնվող հայրենակիցների իրավունքների պաշտպանության նոր քաղաքականություն սկսելով՚,- ընդգծել է քաղաքագետը:
Շաքարյանցը կեղծավորություն է անվանել Թուրքիայի ԱԳՆ այն հայտարարությունը, թե իրենք պատրաստ են ընդունել Քեսաբի հայերին և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նրանց: ՙՀՀ ԱԳՆ-ը պետք է արձագանքի դրան, քանի որ երկիրը, որտեղից ներթափանցել են այդ գրոհայինները, համարձակվում է ծիծաղել տուժածների վրա՚,- նշել է նա: