Համանախագահների կողմից ընտրված դելիկատ լեզուն հասկանալի չէ Ադրբեջանի համար, Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը`մեկնաբանելով ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը:
ՙՄիգուցե դա Բաքվի պատասխանն է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Բազելում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում եռանախագահող երկրների կողմից արված հայտարարությանը։ Եռանախագահներն ընդգծում են, որ ռազմական լուծում հիմնախնդրին չի կարող լինել, և կոչ են անում կողմերին բացառապես խաղաղ ճանապարհով գնալ հիմնախնդրի կարգավորմանը, նշում են 1994թ. հրադադարի համաձայնագրի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնության իրականացման կարևորությունը:
Բազելում կայացած ճեպազրույցի ժամանակ ես ասացի, որ միգուցե այդ հայտարարության մեջ համանախագահների կողմից ընտրված դիվանագիտական, այն ժամանակ էլ ասացի, հիմա էլ կկրկնեմ` դելիկատ լեզուն ըմբռնելի, հասկանալի չէ Ադրբեջանի համար:
Հիմա` Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս նոր հայտարարությամբ, շփման գծում իրավիճակի նոր սրմամբ ևս մեկ անգամ հաստատվում է այն, որ իսկապես այդ լեզուն ըմբռնելի չէ Բաքվի համար։ Կարծում եմ՝ եռանախագահները պետք է համապատասխան եզրակացություններ անեն՚,- ասել է Նալբանդյանը: