Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան դեռ գտնվում է Երևանում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ուկրաինայի դեսպանատանը, դեսպանը դեռ Երևանում է և տվյալ պահին հանդիպումներ է անցկացնում:
Նշենք, որ ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ Ուկրաինան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Հայաստանում իր դեսպան Իվան Կուխտային: Ավելի վաղ այդ առնչությամբ բողոքի նոտա է հանձնվել Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին: Ուկրաինայի ԱԳՆ-ը, մասնավորապես, ցանկացել է լսել Ղրիմի առնչությամբ Հայաստանի ավելի պարզորոշ պաշտոնական դիրքորոշումը: Կիևի նման արձագանքը հաջորդել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին, որի ընթացքում երկու երկրների առաջնորդներն արձանագրել են, որ Ղրիմի հանրաքվեն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ է:
Մարտի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային: Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է: