Հայաստանում «երկրորդային
հանքավայրերի» մշակման արգելակումը պայմանավորված է ֆանտաստիկ շահույթ ստանալու
հեռանկարի բացակայությամբ: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է
հայտնել «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը:
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա,
որ Հայաստանի օրենսդրության շնորհիվ լեռնահանքային ոլորտն «ապահովված է»
ամենաշահավետ պայմաններով: Այդ իսկ պատճառով ընկերությունները կարող են իրոք
ֆանտաստիկ շահույթ ստանալ հանքավայրերի շահագործումից: Եթե դրան գումարենք նաև այն
հանգամանքը, որ լեռնահանքային ընկերությունների մեծ մասը մատների արանքով է նայում
բնապահպանական հարցերին, իրավիճակը դառնում է ավելի քան անմխիթար:
Բնապահպանների շրջանում քննադատություն է հարուցում բուն
պոչամբարների վիճակը. Հատակի մեկուսացման բացակայության պատճառով ծանր մետաղները
ներթափանցում են շրջակա միջավայր: Բացի
այդ, արձանագրվել են դեպքեր, երբ լեռնահանքային գործունեության թափոնները հայտնվել
են գետերում, որոնց ջուրն օգտագործվում է նաև ոռոգման համար:
Դանիելյանի կարծիքով, պոչամբարների մշակումը որպես
«երկրորդային հանքավայրեր» Հայաստանին կբերեր ոչ պակաս էկոլոգիական և տնտեսական
արդյունք: Ինչպես նշվել է, դա թույլ կտա վերացնել պոչամբարները` որպես այդպիսին:
Միևնույն ժամանակ «երկրորդային հանքավայրերի» շահագործումը պահանջում է լուրջ
ներրդումներ և նորագույն տեխնոլոգիաների կիրառում:
Արդյունքում` լեռնահանքային ընկերությունների համար այդ
ոլորտը հրապուրիչ չէ: «Դժբախտաբար, դա այնպիսի ֆանտաստիկ շահույթ չի բերի,
ինչպիսին ստացվում է Հայաստանում հանքերի մշակումից», - խոստովանել է Դանիելյանը:
Հայաստանի
տարածքում կա շուրջ 20 պոչամբար, որոնցով «ամենահագեցած» մարզերի թվում է Սյունիքը: