«Բազզմազգ
Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը չի կիսում
փորձագետների այն կարծիքները, թե ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության և երկրի
տարածքում թուրք զինվորականների առկայության դեպքում ջավախահայերի ապստամբությունն
անխուսափելի է, հաղորդում է «Գրուզիա-օնլայնը»:
Ստեփանյանի
կարծիքով, այն փորձագետները, որոնց կանխատեսմամբ, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության
դեպքում Ջավախքն անկախություն կպահանջի, տիրապետում են 15-20 տարվա վաղեմություն
ունեցող տեղեկատվության: «Շրջանառվող, իբր փորձագիտական, այն կարծիքը, թե դաշինքին
միանալու դեպքում Վրաստանում (մասնավորապես, Ախալքալաքում) թուրքական ռազմակայան
կստեղծվի, լավագույն դեպքում, ոչ իրավասու
վերլուծություն է, որը պայմանավորված է տարրական մակարդակի տեղեկատվության
պակասով: ՆԱՏՕ-ն կոալցիոն ռազմակայանների, որպես այդպիսիք, ստեղծման ձևաչափ չունի:
Դաշինքին անդամակցելու դեպքում Վրաստանի զորքերն ինքնաբերաբար կհամարվեն դաշինքի
անդամ զորքեր, ի դեպ` այնտեղ ծառայող Վրաստանի հայազգի քաղաքացիների հետ միասին:
Արտաքին քաղաքական արտոնությունների թեման այսօր Սամսխե-Ջավախքից և երկրից դուրս
գտնվող տարբեր խմբերի քաղաքական շահարկումների թեմա է», - նշել է Առնոլդ
Ստեփանյանը: Նրա համոզմամբ, բոլորովին անհիմն է ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր
անդամակցության հարցի կապակցումը Ջավախքի հայերի իրավուքների ոտնահարման հեռանկարի
հետ: «Նման հայտարարությունների հեղինակներն, ամենայն հավանականությամբ, նպատակ
ունեն միմյանց հակադրել աշխարհաքաղաքական խաղացողների շահերն ու Ջավախքի հայերին
օտգտագրոծել որպես մանրադրամ: Հայ ժողովրդի պատմության ընթացքում նման բան մի քանի
անգամ եղել է, պատմությունից պետք է դասեր առնել: Նման մոտեցումն, ըստ էության,
վիրավորական է: Ես հավատում եմ, որ տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը
թանկ գնահատող մարդկանցից ոչ մեկի մտքով չի անցնի զբաղվել սադրանքներով, որոնք
կարող են սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը և, մասնավորապես, երևակայական
բոնուսներ վաստակել հայ-վրացական հարաբերությունների շուրջ խաղում», - նշել է «Բազմազգ Վրաստանի նախագահը, հավելելով, որ
այսօր ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը արդյունավետ գործընկերային
հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ, որի անդամ է ինչպես Թուրքիան, այնպես էլ շատ
արևմտյան երկրներ, որտեղ միլիոնավոր հայեր են ապրում: «Եվ դրանից անհարմարություն
չեն զգում ոչ Հայաստանը, ոչ ՆԱՏՕ-ն: Հակառակ դեպքում բազմամյա համագործակցություն
չէր լինի», - հայտարարել է Առնոլդ Ստեփանյանը: