Եթե իշխանությունները խորհրդարանի 4 ոչ իշխանական
ուժերին չզիջեն, իսկ եթե վերջիններիս ապրիլի 28-ին չհաջողվի հասնել կառավարության
հրաժարականին, ապա չեն բացառվում բազմահազար հանրահավաքները և իրավիճակի սրումը:
Այս մասին լրագրողներին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ
Վահան Բաբայանը:
Նա իշխանական
կուսակցությանը կոչ է արել թվային գերակշռության հաշվին չօգտագործել իր
«կոճակային» պատգամավորներին և չտորպեդահարել ընդդիմության նախաձեռնությունը: «Եթե
մեր պահանջները չկատարվեն և տեղի չունենա իշխանության փուլային փոփոխություն, ապա
մենք դիտարկում ենք ավելի արմատական տարբերակներ, այդ թվում նաև տասնյակ հազարավոր
մարդկանց փողոց դուրս բերումը: Բայց մենք ցանկանում ենք խաղաղ իշխանափոխություն:
Ընդ որում, մենք չենք ձգտում պարզապես վարչապետի փոփոխությանը, քանի որ անձերի
փոփոխությունը որակական բարեփոխումների չի բերի: Եթե մեկ հանրապետականը փոխարինի
մյուսին, դա պրոբլեմի լուծում չի լինի»,-ասել է Բաբայանը:
Նա ընդգծել է, որ ԲՀԿ-ն
մյուս 3 խմբակցությունների հետ միասին պայքարում է ազգային համաձայնության
կառավարության ձևավորման համար: Այն հարցին, թե կլինե՞ն արդյոք նոր
կառավարությունում հանրապետականներ, Բաբայանը հայտարարել է, որ այդ հարցը դեռ չի
քննարկվել: Լրագրողները ԲՀԿ պատգամավորից հետաքրքրվել են, թե ինչու նման «ահեղ»
հայտարարություններով հանդես չի հգալիս ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, կամ գոնե
կուսակցության պաշտոնական խոսափող հանդիսացող Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ
ներկայացուցիչը պատասխանել է, որ ինքը հնչեցնում է կուսակցության դիրքորոշումը, ու
կգա ժամանակ, երբ ԲՀԿ ղեկավարը, ինչպես նաև մյուս ներկայացուցիչները նույնպես
հանդես կգան նման հայտարարությամբ:
Նշենք, որ ՀՀ խորհրդարանի
4 ոչ իշխանական խմբակցությունները` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգությունը» մտադիր են
ապրիլի 28-ին խորհրդարանում բարձրացնել կառավարության անվստահության հարցը:
Ներկայումս այդ ուժերը խորհրդակցություններն են անցկացնում միասնական քաղաքական
օրակարգի ձևավորման ուղղությամբ: