Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ, Դամասկոսում հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, Ֆարմանյանը նախագահ Ասադին է փոխանցել Սերժ Սարգսյանի ուղերձը, որում ՀՀ նախագահը դատապարտել է ահաբեկիչների ներթափանցումը Քեսաբ և Լաթաքիա, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Սիրիայի նախագահին հայ բնակչության պաշտպանությանն ուղղված ջանքերի համար։
Նախագահ Ասադն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` բարձր գնահատելով նրա դիրքորոշումը Սիրիայի իրավիճակի առնչությամբ: Նա նաև զգուշացրել է ահաբեկչական վտանգի մասին, որն աջակցություն է ստանում Արևմուտքում և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում: Նրա խոսքով, ահաբեկիչներ ցանկանում են մասնատել երկիրը, որը միշտ աչքի է ընկել իր բազմամշակութայնությամբ, էթնիկ և կրոնական հանդուրժողականությամբ: Սիրիայի նախագահը հայ պատգամավորներին կոչ է արել սիրիական խնդիրը հնչեցնել միջազգային բոլոր հարթակներում, միավորել ջանքերը գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու համար: