Ունենալով հարուստ և առատաձեռն դաշնակից`ի դեմս Ռուսաստանի, Հայաստանը կարող է վարկերի համար միջազգային կառույցներ չդիմել: Այդ մասին հեգնանքով հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովում քննարկվել է Եվրոպական ներդրումային բանկի հերթական վարկային ծրագիրը, որի շրջանակներում պետք է արդիականացվի Հայաստանի ջրամատակարարման համակարգը:
Արզումանյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ դեռ անցած շաբաթ հայ պատգամավորները ծափահարությունների ներքո վավերացրել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման վերաբերյալ պայմանագիրը, իսկ մի քանի օր անց Ռուսաստանը դուրս է գրել Ուզբեկստանի 860 մլն դոլար պարտքը: ՙՀարց է ծագում`եթե մենք ունենք այդքան առատաձեռն և հարուստ դաշնակից, նաև անդամակցում ենք այդ դաշնակցի նախաձեռնած ինտեգրացիոն կառույցին, ինչու՞ ենք վարկեր վերցնում եվրոպական ֆինանսական կազմակերպություններից՚,- նշել է ընդդիմադիր գործիչը: