Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` ի դեմս ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի, Լևոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի, Լաթաքիայում հանդիպել են Քեսաբից փախած հայերի հետ: ԱԺ պատգամավորները
Քեսաբի հայերին փոխանցել են ողջ հայ ժողովրդի համերաշխությունը և հավաստիացրել, որ
Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել նրանց, և Հայաստանի
դիվանագիտական գերատեսչություններին արդեն համապատասխան հրահանգներ են տրվել:
Պատգամավորները նշել են, որ Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունները մտադիր
են միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել Քեսաբի հայերի
խնդիրների վրա, հայտարարել թուրքական զինված խմբավորումների գործողությունների
անթույլատրելիության մասին:
Լաթաքիայից հայ
պատգամավորները պետք է վերադառնան Դամասկոս, որտեղ նախատեսվում է նրանց հանդիպումը
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն սիրիահայերի
խնդիրները:
Հիշեցնենք, որ ԱԺ պատվիրակությունը Սիրիա է մեկնել` այդ երկրի հայ համայնքի վիճակին ծանոթանալու համար: Վերադառնալուն պես պատգամավորները գործընկերներին կզեկուցեն սիրիահայերի վիճակի մասին` անհրաժեշտության դեպքում կարիքավոր հայերին աջակցության նպատակով միջոցներ մշակելու նպատակով: Խորհրդարանական
պատվիրակությունը ձևավորվել էր Քեսաբի վրա թուրք գրոհայինների հարձակումից հետո, ինչի
արդյունքում քեսաբահայերը ստիպված են եղել քաշվել լեռները կամ տեղափոխվել Լաթաքիա: